Բիսկվիթ: Տեղադրող` Նուեվա | Ավելացման ամսաթիվ` 30 Jan 2012 Բաղադրությունը:

Որպես չափ ես օգտագործում եմ յոգուրտի դատարկ բաժակ
3 կամ 4 ձու
2 յոգուրտի բաժակի չափով շաքարավազ
3 նույն բաժակի չափով մաղած բարձրորակ ալյուր
1 բաժ մածուն
1 բաժ ձեթ կամ հալած կարագ
1 ծրարիկ փխրեցուցիչ կամ 1 թ գդ սոդա
վանիլին

Պատրաստման եղանակները:

Սա իմ ամենասիրաշատ օգտագործած բաղադրատոմսն է: Որակով, հաջող, փափուկ բիսկվիթ պատրաստելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո, վերջապես գտել եմ այս տարբերակը, որ միշտ լավ արդյունք է տալիս:
Բարձր բիսկվիթ պատրաստելու ամենակարևոր գաղտնիքը ձուն ճիշտ հարելու մեջ է:Շատ կարևոր են ալյուրի որակը և մեր ջեռոցի ջերմաստիճանը,
Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը(կարող եք նաև ձեր ուզած համի յոգուրտ կամ սմետան ավելացնել), շարունակում ենք լավ խառնել, քիչ քիչ ավելացնում ենք մաղած ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի համով է ստացվում): Սա դնում ենք մի կողմ, խնամքով լվանում ենք միքսերի հարիչները և ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա: Սա խնամքով միացնում ենք մնացած խմորին, խառնում վերևից ներքև մինչև դառնա միատարր մասսա: Մինչ այդ մեր ջեռոցը տաքացնում ենք 175-180, մասսան լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում, թավան դնում ենք ջեռոցի մեջտեղից մի աստիճան ներքև, որպեսզի եթե շատ բարձրանա, վերևի մասը չայրվի: Պատրաստ լինելը փորձում ենք փայտիկով: Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել: Խմորի մեջ կարող եք ձեր ճաշակով համեր ու գույներ ավելացնել, օրինակ՝ կակաո, շոկոլադի կտորներ, լիմոնի քերած կեղև, մրգի կտորներ, ընկույզ, չամիչ,,,,,,

Անվճար ռեցեպտը տրամադրել է Ռեցեպտներ | Բաղադրատոմսեր կայքը © 2017
http://www.recipes.am/: